Պատմություն

Հայաստան` վսեմ լեռների ծերպերում ծվարած հինավուրց աշխարհի մասնիկ, բազմադարյա մշակույթի կրող, կենդանի ապացույց մի փոքր ժողովրդի մեջ ամփոփված հոգևոր ուժի, ով կարողացել է պաշտպանել իր գոյության սրբազան իրավունքը և առասպելական Փյունիկի պես կրկին և կրկին վերածնվել է մոխրից` հառնելով ավերակներից և շարունակելով կյանքի սահմանված ուղին: Ուղի, որը, ցավոք, պարուրված չի եղել մետաքսով. հնագույն պատմիչների տարեգրքերում մեր երկիրը նշվել է խոշոր պետությունների կողքին, սակայն անցնում էին դարեր, հազարամյակներ, աշխարհը ականատես էր դառնում դաժան պատերազմների, իշխող կայսրությունների անկման, նորանոր ազգերի ձևավորման, և, բնական է, Հայաստանը չէր կարող անմասն մնալ ամենից և շատ հաճախ հայտնվում էր իրադարձությունների հորձանուտում:

Ո՞րն է այս կենսունակության գաղտնիքը, ինչպե՞ս է մեզ հաջողվել չնայած փոքր տարածքին պահպանել մեր ազգային ինքնությունը և մշակույթի յուրահատկությունը: Պատասխանը, հավանաբար, թաքնված է անսահման հավատքի, կրոնի մեջ` թշնամու սրի առջև չընկրկող ուժի, որը միավորել է ժողովրդին, թույլ չի տվել ձուլվել օտարին: Քրիստոնեության ընդունման առաջին ժամանակներից (301թ., առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն) մինչ օրս հայերը առանձնացել են բիբլիական Արարատի լանջերին սփռված իրենց հողում կրոնի պահպանման համար տարվող պայքարի խիզախությամբ:                  

 «Մի ժողովուրդ, ում քրիստոնեական հավատը այնքան հին է, ով չմերժեց Քրիստոսին անգամ ուժեղագույն փոթորիկների և դաժան հալածանքների ժամանակ, ժողովուրդ, ում պատմությունը գրեթե լիովին բաղկացած է չարչարանքների շղթայից, իհարկե արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլ նաև սիրուն»:

Մ. Սաքս

Բնական է, որ կրոնի նկատմամբ տածած նման վերաբերմունքը պետք է ուղեկցվեր քրիստոնեական ճարտարապետությանը պատկանող բազմաթիվ հուշարձանների ստեղծմամբ: Դրանց շարքում են Էջմիածնի (Վաղարշապատ) Մայր Տաճարը, Հաղպատի, Սանահինի, Գեղարդի, Խոր Վիրապի վանքերը, Նորավանքը, Գոշավանքը, Սևանավանքը, Զվարթնոցի հնագիտական հուշարձանը, Նորադուզի խաչքարերի գերեզմանատունը և այլն (նշվածներից մի քանիսը ընդգրկված են Համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում): Սրանցից շատերի անունները վաղուց արդեն անքակտելիորեն միահյուսվել են բազմաթիվ առասպելների ու լեգենդների հետ, ինչը, սակայն, առավել գրավիչ է դարձնում դրանք օտարականի աչքերում` հավելելով առանձնահատուկ հնչերանգներով:

Երևան

Երևան`հավերժ երիտասարդ ոգով ծերունի`անցնող իր սեփական կյանքի ուղին, ամեն ինչ զգացող, կարեկցող, ցնծացող… Ինչքա˜ն փոփոխությունների ականատեսն է նա դարձել իր դարավոր պատմության ընթացքում, ինչպե˜ս երբեմն արմատապես է փոխվել նրա արտաքինը: Նա եղել է և´ հնագույն Ուրարտու թագավորության արքա Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 782 հիմնված Էրեբունի ամրոց, և´ Էրիվան անվամբ փոքրիկ գավառական քաղաք` միահարկ կավածեփ տներով, նեղլիկ, ծուռումուռ փողոցներով ու փակուղիներով, երբ 1920թ-ին հռչակվեց Հայոց տասներկուերորդ մայրաքաղաք, և´ գեղեցիկ ժամանակակից Երևան, որում հնագույն ավանդույթները համատեղվում են ժամանակի պահանջների հետ: Այսօր էլ Երևանը շարունակում է ապրել կենդանի օրգանիզմի նման, արյունը նրա երակներում դեռ եռում է և յուրաքանչյուր իր հյուրի նա ակամա ներքաշում է իրադարձությունների հորձանուտ:

 

Քաղաքի սիրտը, իրավամբ, նրա կենտրոնն է, որտեղից արևի ճառագայթների պես դեպի արվարձաններն են տարածվում նրա փողոցները: Այստեղ է կենտրոնացել մայրաքաղաքի տեսարժան վայրերի մի մասը`Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Գրականության և արվեստի ազգային թանգարանը, Ազգային օպերայի և բալետի թատրոնը, Մատենադարանը և ազգային ժառանգության այլ օբյեկտներ: Երևանի կառուցապատման հիմնական նախագիծը պատկանում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գրչին, և չնայած կյանքի կողմից արվող բազմաթիվ փոփոխությունների` այսօր էլ Հայաստանի մայրաքաղաքը ընդլայնվում ու զարգանում է հիմնական նախագծի համաձայն:

 

Քաղաքի կենտրոնում են համախմբվել նաև մեծաքանակ ժամանցի վայրեր: Յուրաքանչյուր քայլին հոգնած ճամփորդին է գայթակղում ծառի շվաքում ծվարած սրճարանի սեղանիկը, կամ ռեստորանը` առաջարկող Ասիայում ամենահինը համարվող մեր ազգային խոհանոցի համադամ ճաշատեսակներ:


Երևանում շատ են եկեղեցիները: Գուցե դրանք թաքնված են հետաքրքրասեր անցորդի աչքից քարե շենքերի ետևում և չեն առանձնանում իրենց ներքին հարդարման ճոխությամբ, բայց հենց այս պարզությունը, վառվող մոմերի ու խունկի հոտն են ստեղծում մի առեղծվածային մթնոլորտ, որ թույլ է տալիս անէանալ աշխարհի թոհուբոհից ու խորհել ի վերուստ սահմանված առաքելության շուրջ: Բոլոր ժամանակներում հավատն է եղել այն անկյունաքարը, այն ուժը, որն օգնել է հայ ազգին գոյատևել ու պահպանել իր ազգային ինքնությունը: Կյանքի յուրաքանչյուր փուլ հայը կապում է եկեղեցու հետ` երեխայի ծնունդ, մկրտություն, ամուսնություն, կյանքից հեռացում:

 

Հատկապես գեղեցիկ է աղոտ լույսերով շաղաղված երեկոյան քաղաքը, երբ փողոցով քայլելիս ակամա լսում ես մարդկային ճակատագրերի կցկտուր պատմություններ, մանկական ծիծաղ, ծանոթ մեղեդիներ, ու ոտքերդ տանում են դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ ամեն օր` ուղիղ ժամը 9-ին, սկսվում է պարող շատրվանների փոքրիկ ներկայացումը:


Օրը մոտենում է ավարտին, միայնակ պատուհանում մարում է վերջին լույսը, և հոգնած քաղաքը վերջապես ընկղմվում է անվրդով անուրջների մեջ: Վաղը ամեն ինչ կսկսվի նորից. կրկին արևածագ, իրենց գործերով շտապող քաղաքացիներ, հետաքրքրությամբ քաղաքի դեմքն ուսումնասիրող օտարերկրացիներ, ծիծաղ, հիասթափություն, նոր հաղթանակներ ու երազանքներ…

Գեղարդ

Գեղարդ (գործածական է նաև առավել հին` Այրիվանք անվանումը)` վանական համալիր, եզակի ճարտարապետական կոթող` կառուցված IVդ. սկզբում քարանձավում սկիզբ առնող սուրբ աղբյուրի տեղում: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Համալիրի անվանման ծագումնաբանությունը կապված է վանքում պահված սուրբ գեղարդի հետ, որով, ըստ ավանդության, խոցվել է խաչված Հիսուսը, և որը, ի թիվս շատ այլ մասունքների, Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից: Այժմ գեղարդը իր պատվավոր տեղն է գտել Էջմիածնի թանգարանում:

Խոր Վիրապ

Խոր Վիրապ` Հայ Առաքելական եկեղեցու սրբավայր և ուխտատեղի: Ըստ եկեղեցական ավանդության` այս վայրում եղել է թագավորական զնդան` լցված թունավոր օձերով ու միջատներով, ուր նետում էին բանտարկյալներին: Հենց այստեղ քրիստոնեությունը տարածելու համար Տրդատ 3-րդ արքայի հրամանով 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: Ավանդույթի համաձայն, երբ Տրդատ արքայի հրամանով նահատակվում են Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ կույսերը, նա ծանր հիվանդանում է: Թագավորի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը, և պնդում է ազատել նրան: Ազատվելով բանտից` Գրիգորը բուժում է Տրդատին: Թագավորը և Գրիգորը կույսերի նահատակության վայրում կառուցում են վկայարաններ ու ամփոփում նրանց մասունքները: Տրդատ արքան դադարեցնում է քրիստոնյաների հալածանքը, հռչակում է քրիստոնեությունը պետական կրոն, իսկ Գրիգորը դառնում է առաջին կաթողիկոսը` Գրիգոր Լուսավորիչ անվամբ: 624թ-ին Ներսես 3-րդ կաթողիկոսը զնդանի տեղում կառուցում է ժամատուն, որը հետագայում ավերվում է երկրաշարժից: 1662թ-ին նույն վայրում կառուցվում է ներկա Սբ. Աստվածածին եկեղեցին:

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար`Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Տաճարը կառուցվել է IVդ. սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Ավանդույթի համաձայն` գիշերային մենության մեջ մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է ունենում. Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվի Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այսպես Միածնի իջման վայրում և կառուցվում է Տաճարը:

Հյուրանոցներ
Համերգասրահներ